Russian Version
English Version

Ապրանքային նշաններ

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞նչ է ապրանքային և (կամ) սպասարկման նշանները

Ապրանքային նշանը տարբերակիչ նշան է, որն առևտրում տարբերում է որևէ անձի կամ ձեռնարկության ապրանքները և ծառայությունները այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից։ Ապրանքային նշանը ծագել է դեռ այն ժամանակներից, երբ արհեստավորներն իրենց ստորագրությունները կամ «նշանները» դնում էին իրենց կողմից ստեղծված գեղարվեստական կամ լայն սպառման ապրանքների վրա։ ժամանակի ընթացքում այդ նշանների հիման վրա ստեղծվեց ապրանքային նշանների գրանցման և պահպանության այսօրվա համակարգը։
Համակարգն օգնում է սպառողներին ճանաչելու և ձեռք բերելու ապրանքներ կամ ծառայություններ, որոնց ծագումն ու որակը, որը մատնանշված է նրանց տարբերակիչ ապրանքային նշաններով, ամենաբարձր մակարդակով բավարարում են իրենց կարիքները։

Ապրանքային նշանի գրանցման կարևորությունը

Ապրանքային նշանի պահպանությունը նշանի սեփականատիրոջը տրամադրում է նշանն օգտագործելու, իր ապրանքները կամ ծառայությունները այլ անձանց ապրանքներից ու ծառայություններից տարբերելու կամ վճարի դիմաց այլ անձանց նշանի օգտագործման թույլատվություն տալու բացառիկ իրավունք։ Ապրանքային նշանի պահպանության ժամկետը տարբեր է, սակայն սահմանված ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել՝ համապատասխան տուրքերը վճարելու դեպքում։
Ապրանքային նշանի պաշտպանությունը հիմնականում իրականացնում են դատարանները, որոնք շատ երկրներում իրավասու են արգելելու ապրանքային նշանի անօրինական օգտագործումը։ Ավելի լայն իմաստով, ապրանքային նշանները նպաստում են ձեռնարկատիրության զարգացմանը՝ լայն ճանաչում և ֆինանսական օգուտ բերելով դրանց սեփականատերերին։ Ապրանքային նշանների պահպանությունը կանխում է նաև անբարեխիղճ մրցակիցների փորձերը, նրանց թվին են դասվում կեղծ ապրանք արտադրողները, որոնք շփոթության աստիճան նման կամ կեղծ ապրանքային նշաններն օգտագործում են իրենց ցածրորակ ապրանքները կամ ծառայությունները իրացնելու նպատակով։

Ո՞վ կարող է դիմել ապրանքային նշանի վկայագիր ստանալու համար

Ապրանքային նշանի գրանցումը սովորաբար իրականացվում է համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, նշանի գրանցման համար ներկայացված հայտի հիման վրա։ Որպես կանոն, հայտը ներկայացնում է այն անձը (հայտատու), ում անունով խնդրարկվում է նշանի գրանցումը։ Ընդ որում հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։


Ինչպե՞ս կարելի է պահպանել ապրանքային նշանը այլ երկրներում

Աշխարհի գրեթե բոլոր երկրները գրանցում և պահպանում են ապրանքային նշանները։ Ազգային կամ տարածքային յուրաքանչյուր գրասենյակ ունի ապրանքային նշանների գրանցամատյան, որը պարունակում է բոլոր հայտերի գրանցումների և երկարաձգումների վերաբերյալ առկա ողջ տեղեկատվությունը՝ երրորդ կողմի համար հեշտացնելով փորձաքննությունը, որոնումը և հնարավոր առարկությունները։ Սակայն այսպիսի գրանցման գործողությունը սահմանափակվում է այն երկրի տարածքով, որտեղ այն գրանցվել է (կամ, տարածքային գրանցման դեպքում՝ համապատասխան երկրների տարածքներով)։
Ազգային կամ տարածքային յուրաքանչյուր գրասենյակում առանձին–առանձին գրանցումից խուսափելու նպատակով, ՄՍՀԿն վարում է նշանների միջազգային գրանցման համակարգ։
Այս համակարգը կառավարվում է երկու համաձայնագրերով. Նշանների միջազգային գրանցման վերաբերյալ Մադրիդյան համաձայնագրով և Մադրիդյան արձանագրությամբ։ Անձը, ով կապված է (ազգությամբ, բնակության վայրով կամ աշխատանքի վայրով) այս համաձայնագրերից մեկին կամ երկուսին էլ անդամ երկրներից որևէ մեկի հետ, կարող է տվյալ Երկրի ապրանքային նշանների գրասենյակ հայտ ներկայացնելու կամ գրանցման հիմա( վրա ստանալ միջազգային գրանցում, որը կգործի Մադրիդյան միության մի քանի կամ բոլոր անդամերկրներում։

Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում ապրանքային նշանի վկայագիրը

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրա պետական գրանցման, կամ որ նույնն է՝ իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը։
Այս յուրատեսակ իրավունքը համառոտ կոչվում է ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունք, որն ընդգրկում է երկու հիմնական ասպեկտներ. ապրանքային նշանի օգտագործման իրավունք եւ այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք։

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

Ապրանքային նշանի գրանցումը սովորաբար կատարվում է 10 տարով, սակայն այդ ժամկետն ավարտվելիս այն կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով։ Այսինքն՝ ապրանքային նշանի գրանցման գործողությունն ըստ էության սահմանափակված չէ։ Նման մոտեցում կիրառվում է երկրների ճնշող մեծամասնությունում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում։

ՈՒ՞ր դիմել

Վկայագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն)։