Russian Version
English Version

Արտոնագրեր

Ընդհանուր տեղեկություններ

Որպես արտոնագրային իրավունքի օբյեկտներ սովորաբար դիտարկվում են գյուտերը և օգտակար մոդելները, որոնց նկատմամբ իրավունքները հաստատվում են արտոնագրով։ Սակայն հաշվի առնելով, որ արդյունաբերական նմուշների իրավական պահպանության հիմնական նորմերը ընդհանուր առմամբ զուգորդվում են գյուտերի և օգտակար մոդելների իրավական պահպանության նորմերին և դրանց նկատմամբ իրավունքները ևս որոշ դեպքերում հաստատվում են արտոնագրով (որպես պահպանական փաստաթուղթ)։
Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս գյուտի նկատմամբ, որը ցանկացած բնագավառի արտադրանք կամ ինչ որ բան անելու եղանակ է կամ առաջարկում է խնդրի նոր տեխնիկական լուծում։ Արտոնագիրը պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքը գյուտի նկատմամբ։

Ի՞նչ է գյուտը

Ընդհանրապես առօրյայում գյուտ ասելով հասկանում են որևիցե խնդրի նոր լուծում, որը տեխնիկապես իրագործված է, ավելի ընդհանուր՝ մարդկային գործունեության որևէ բնագավառին վերաբերող նոր տեխնիկական լուծում։

Ի՞նչ է օգտակար մոդելը

Օգտակար մոդելները իրենց էությամբ ոչ այլ ինչ են, քան որոշակի տեսակի գյուտեր, նոր լուծումներ, որոնք սովորաբար վերաբերում են մեխանիկայի բնագավառին։

Ո՞վ կարող է դիմել գյուտի արտոնագիր ստանալու համար

Հայտը պետական լիազոր մարմին ներկայացնում է հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է արտոնագիր ստանալու իրավունքը, և որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (այսուհետ նաև՝ հայտատու)։ Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։ Այստեղ օրենսդիրը շատ կարևոր վերապահում է նախատեսել, ըստ որի օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք լիազոր մարմնի հետ գործավարությունն իրականացնում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ նախ ավելի դյուրին է դառնում վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը և տնտեսապես ավելի նպատակահարմար է։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։
Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու պետական լիազոր մարմին, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե ինքը բավականին փորձ ու հմտություն ունի արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։

Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում արտոնագիրը

Արտոնագրային պահպանություն նշանակում է, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտը առևտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այս արտոնագրային իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։ Շատ համակարգերում դատարաններն իրավունք ունեն դադարեցնել արտոնագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։
Արտոնագիրը բացառիկ իրավունք է տալիս գյուտի նկատմամբ, որը ցանկացած բնագավառի արտադրանք կամ ինչ որ բան անելու եղանակ է կամ առաջարկում է խնդրի նոր տեխնիկական լուծում։ Արտոնագիրը պահպանում է արտոնագրատիրոջ իրավունքը գյուտի նկատմամբ։

Արտոնագրի առավելությունը

Արտոնագրատերն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց արտոնագրված գյուտի օգտագործումը մինչև արտոնագրի պահպանության ժամկետի ավարտը։ Արտոնագրատերը կարող է թույլատրել կամ լիցենզիա տալ այլ անձանց օգտագործելու գյուտը՝ փոխհամաձայնեցված պայմաններով։ Արտոնագրատերը կարող է նաև վաճառել գյուտի նկատմամբ իր իրավունքները մեկ ուրիշի, ով տվյալ դեպքում կդառնա արտոնագրի նոր սեփականատերը։ Արտոնագրի ժամկետը լրանալուն պես, պաշտպանությունն ավարտվում է, և գյուտը դառնում է հանրային սեփականություն, այսինքն, սեփականատերն այլևս զրկվում է գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքներից, իսկ գյուտը մատչելի է դառնում երրորդ անձանց՝ արդյունաբերական շահագործման համար։


Արտոնագրի պահպանության ժամկետը

Գյուտի արտոնագրի գործողության ժամկետը՝ հայտ ներկայացնելու օրվանից մինչև 20 տարին լրանալը, որը կոչվում է հիմնական արտոնագիր, կամ հայտ ներկայացնելու օրվանից մինչև 10 տարին լրանալը, եթե արտոնագիրը տրվել է առանց գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու։
Օգտակար մոդելի արտոնագրի գործողության ժամկետը՝ հայտ ներկայացնելու օրվանից մինչև 10 տարին լրանալը, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողության ժամկետը՝ մինչև 25 տարին լրանալը։
Հայաստանի Հանրապետությունում կարող է տրվել գյուտի երկու տեսակի արտոնագիր՝ կախված այն փորձաքննության ծավալից, որի հիման վրա տրվում է արտոնագիրը։

ՈՒ՞ր դիմել

Արտոնագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն)։