Russian Version
English Version

Ապրանքային նշաններ

Գրանցման ընթացակարգ

Ապրանքային նշանի գրանցումը սովորաբար իրականացվում է համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից, օրենքով սահմանված կարգով, նշանի գրանցման համար ներկայացված հայտի հիման վրա։ Որպես կանոն, հայտը ներկայացնում է այն անձը (հայտատու), ում անունով խնդրարկվում է նշանի գրանցումը։ Ընդ որում հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։

Հայտը, որը լրացվում է սահմանված ձևաթղթի տեսքով, պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը։

Հայտին կցվում են`

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.

գ) արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով։