Russian Version
English Version

Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ

Ընդհանուր տեղեկություններ

Ինչ է հեղինակային իրավունքը

Հեղինակային իրավունքը պահպանում է հեղինակների, նկարիչների և այլ ստեղծագործողների իրավունքները իրենց ստեղծած գրական և գեղարվեստական գործերի նկատմամբ, որոնք սովորաբար կոչվում են ստեղծագործություններ։
Հեղինակային իրավունքով պահպանվում են հետեւյալ ստեղծագործությունները՝ վեպերը, բանաստեղծությունները, պիեսները, տեղեկատուները, թերթերը, համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները, ֆիլմերը, երաժշտական և պարարվեստի ստեղծագործությունները, նկարները, գծանկարները, ՝ լուսանկարները, քանդակները, ճարտարապետական ստեղծագործությունները, գովազդները, քարտեզները, տեխնիկական գծագրերը և այլն, որոնց թիվը սպառիչ չէ։

Ինչպես պահպանել հեղինակային իրավունքը

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանությունը տրամադրվում է ավտոմատ կերպով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ գործողության կատարումից։ Այնուամենայնիվ, շատ երկրներ իրենց ազգային համակարգերում ստեղծագործությունների կամավոր գրանցման կամ ի պահ հանձնման հնարավորություն են նախատեսում։ Այդ համակարգերը, օրինակ, հեշտացնում են ստեղծագործության հեղինակի և սեփականատիրոջ միջեւ վեճերի լուծման, ֆինանսական գործարքների, վաճառքի, իրավունքների զիջման կամ փոխանցման հարցերը։
ՀՀ –ում այդ ֆունկցիան իրականացնում է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը։

Ով է հեղինակային իրավունքի իրավատերը

Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները և նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են հեղինակային իրավունքի մասին օրենքով տրամադրվող իրավունքներից։ Նրանք օգտվում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու կամ երրորդ անձանց փոխհամաձայնեցված պայմաններով դրանց օգտագործման թույլտվություն տալու բացառիկ իրավունքներից։ Ստեղծագործության իրավատերը կարող է արգելել կամ թույլատրել.
ստեղծագործության վերարտադրումը ցանկացած ձևով, ներառյալ դրա տպագրությունն ու ձայնագրությունը, ստեղծագործության հրապարակային կատարումը և հանրությանը հաղորդումը,

  • ստեղծագործության հեռարձակումը, ստեղծագործության թարգմանությունն այլ լեզուներով և
  • ստեղծագործության հարմարեցումը, ինչպես, ասենք, վեպի հարմարեցումը ֆիլմի էկրանավորման նպատակով։

Նմաատիպ իրավունքներ, դրանց թվում՝ ամրագրման (ձայնագրման) եւ վերարտադրության իրավունքները տրվում են նաեւ հարակից իրավունքների սուբյեկտներին։
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքով պահպանվող ստեղծագործությունների շատ տեսակներ պահանջում են մեծ տպաքանակով վերարտադրություն (օրինակ՝ հրատարակությունները, ձայնագրությունները և ֆիլմերը), հանրությանը հաղորդում և ֆինանսական ներդրումներ։

Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը

Ինչպես սահմանված է ՍՍՀԿ համապատասխան պայմանագրերում, հեղինակի գույքային իրավունքները գործում են որոշակի ժամանակահատվածում՝ ստեղծագործության ստեղծման կամ դրա ամրագրման օրվանից և շարունակում են գործել հեղինակի մահից հետո ոչ պակաս քան 50 տարի։ Ազգային օրենքները կարող են պահպանության ավելի երկար ժամկետներ սահ մ անել։ Այսպիսի պահպանությունը թույլ է տալիս հեղինակներին և նրանց ժառանգներին ու իրավահաջորդներին ֆինանսական օգուտ ստանալ որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Հարակից իրավունքների պահպանության ժամկետն ավելի կարճ է, սովորաբար 50 տարի՝ կատարումից, դրա ամրագրումից կամ հեռարձակումից հետո։ Ինչպես հեղինակներն, այնպես էլ կատարողներն ունեն անձնական իրավունքներ։
Դրանք են՝ ստեղծագործության նկատմամբ հեղինակ ճանաչվելու իրավունքը եւ ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը։ Իրավունքները, որոնք տրամադրվում են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքով, կարող են կիրառվել իրավատերերի կողմից տարբեր միջոցների և մեթոդների, ներառյալ քաղաքացիական հայցերի հարուցման, վարչական միջոցների և քրեական պատժամիջոցների կիրառման միջոցով։
Իրավունքների պաշտպանության համար կիրառվում են նաև դատական արգելանքները, օրինախախտ ապրանքների ոչնչացման վերաբերյալ վճիռները, ստուգում անցկացնելու հրամանները և այլն։

Որոնք են հարակից իրավունքները

Հեղինակային իրավունքին սերտորեն կապված են հարակից իրավունքները, որոնք տրամադրում են հեղինակային իրավունքին նմանատիպ իրավունքներ. երբեմն դրանք ավելի սահմանափակ են, և կարճատև է դրանց գործողության ժամկետը։ Հարակից իրավունքների սուբյեկտներն են.
կատարողները (մասնավորապես՝ դերասաններն ու երաժիշտները)՝ իրենց կատարումներով,
հնչյունագիր արտադրողները (օրինակ՝ տեսա-ձայնագրություններն ու խտասկավառակները) իրենց ձայնագրություններով: